«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 անձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

քկ

2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: 

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ նախնական տվյալներով՝ մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և գլխիվայր  շրջել Արմավիրի մարզի բնակչին պատկանող «Վազ» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Արմավիրի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 և 1980թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ խուլիգանություն  խմբի կազմում կատարելու կասկածանքով: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է: