Ինչ-որ իքս պահից ինչ-որ մարդկանց մտքով անցավ, որ նա կարող է զբաղվել քաղաքականությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարության, որը վերաբերել է վարչապետի հրաժարականին եւ այն պատճառներին, թե ինչո՞ւ է վանեցյանը սկսել զբաղվել քաղաքականությամբ: Հրաչյա Հակոբյանի գրառումը՝ ստորև.

«Արթուր Վանեցյանը այսօր խոսել է վարչապետի հրաժարականի մասին: Վանեցյանը նաև խոսել է այն մասին, թե ինչն էր պատճառը, որ նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ, ասելով. «Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»:

Կարծում եմ՝ շատերի համար է ակնհայտ, որ անկեղծ է Վանեցյանը, երբ ասում է «Երբեք իմ մտքով չէր անցնի.....» պարզապես հանուն արդարության պետք է նաև ասեր, որ այդպես էլ իր մտքով չանցավ, ուղղակի որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ, և նա սկսեց կամ փորձում է զբաղվել քաղաքականությամբ:

Նա ասում է, որ զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ. «.....Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Էստեղ էլ ճշմարտության հատիկ կա նրա ասածում, պարզապես ոչ թե պետությունն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, այլ նա կամ նրա հետ փոխկապակցված որոշ շրջանակներ և անհատներ: Իսկ երբ մեր Հայրենիքն ու պետությունը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ իր հետ այսօր փոխկապակցված անձինք թալանում էին պետությունն ու բանակը, էդ ժամանակ Վանեցյանը ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա էր: Եվ ի պաշտոնե շատ լավ գիտեր և տեսնում էր, թե ինչպես է թալանվում մեր երկիրը, ինչպես է բանակի տուշոնկան ու ներքնազգեստը հայտնվում Սերժ Սարգսյանի շրջապատի անգարներում: Իսկ եթե չգիտեր և չէր տեսնում, ապա այդ համակարգի վատ և ոչ պրոֆեսիոնալ աշխատակից է եղել: Եվ այդ ժամանակ նա ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն հրաժարական չներկայացրեց, որպեսզի դուրս գա համակարգից և զբաղվի քաղաքականությամբ:

Փոխարենը, առանց իր կողմից որևե նեղություն կրելու, հեղափոխությունից հետո նրան հնարավորություն ընձեռվեց լինել այդ համակարգի պրոֆեսիոնալ աշխատակից: Եվ այդ հեղափոխության արժեքները կրողներին վարչապետի աջայցությամբ, մատուցեց ծառայություններ, և մի կարճ ժամանակահատված վայելեց ժողովրդի համակրանքը:

Բայց քանի որ նա չէր կրել այդ հեղափոխության արժեքները, քանի որ ինչ-որ իքս պահից ինչ-որ մարդկանց մտքով անցավ, որ նա կարող է զբաղվել քաղաքականությամբ, նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությունը՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանի քաղաքացիներին, ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն՝ ազատվեց աշխատանքից և հանկարծ «մտքով անցավ» զբաղվել քաղաքականությամբ:

Իսկ ինչ վերավերվում է վարչապետի հրաժարականի՝ նրա արտահայտած մտքին, ուղղակի զավեշտալի է: Քանի որ խոսքը Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ ղեկավարի հրաժարականի պահանջի մասին է»,-գրել է Հրաչյա Հակոբյանը: