ԱՄՆ-ում զանգվածային ցույցերը կարող են նպաստել կորոնավիրուսի երկրորդ ալիքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

ԱՄՆ

ԱՄՆ-ը ցնցած զանգվածային բողոքների ցույցերը կարող են բարդացնել կորոնավիրուսի դեմ պայքարը: Չնայած դրան, ԱՄՆ-ի նահանգապետերը հաղորդում են երկրի վերաբացման առաջին փուլի հաջող ընթացքի մասին՝ ընդգծելով սակայն նոր միջոցների տրամադրման անհրաժեշտությունը։ Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի վերջին օրերի զանգվածային ցույցերն ու բռնության ալիքը մտահոգություն են առաջացրել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տեասնկյունից, քանի որ կարող են հանգեցնել երկրորդ ալիքի տարածմանը: Սպիտակ տան այս հարցով հանձնախումբն ընդգծում է թեստավորման իրականացման կարևորորությունը, որի միջոցով խաղաղ ցուցարարը կարող է տեղեկանալ, թե արդյոք վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:

Այսօր ԱՄՆ-ում համավարակից մահացել է արդեն ավելի քան 106 հազար մարդ, որոնց շոշափելի հատված են կազմում աֆրոամերիկացիներն ու լատինամերիկացիները:

Իսկ նահանգներում շարունակվում է վերաբացման գործընթացը: Տեղական իշխանությունների համար կարևոր հարցերից է, թե ինչպիսի աջակցություն ակնկալել դաշնային իշխանություններից: Կոլորադոյի նահանգապետն ընդգծում է այս հարցում հստակության կարևորությունը, որպեսզի նահանգը կարողանա ուղղել իր մոտ եղած միջոցները մնացած բացերը փակելու ուղղությամբ:

Վերաբացման գործընթացը սակայն բարձրացնում է բազմաթիվ խնդիրներ: Արքանզաս հանագի նահանգապետ Ասա Հաթչինսոնի կարծիքով համավարակի երկրորդ ալիքի դեպքում անհնար է լինելու կրկին փակել նահանգը, ուստի նա կոչ է անում կառավարելի դարձնել վտանգը սոցիալական հեռավորության, թեստերի ու այլ հատուկ միջոցների կիրառմամբ մինչև չստեղծվի պատվաստանյութը:

Համավարակի հետևանքով նահանգները կրել են խոշոր տնտեսական վնասներ: Այսօր ԱՄՆ-ում շուրջ 40 միլիոն մարդ գրանցվել է գործազրկության նպաստ ստանալու համար: Դեմոկրատները կարծում են, որ անհրաժեշտ է խրախուսման նոր փաթեթ:

Այս ուղղությամբ սակայն դեռևս չկա փոխըմբռնում: Հանրապետականների կարծիքով անհրաժեշտ է դեռևս ուսումնասիրել առաջին խրախուսման փաթեթի արդյունքները, և հանրապետականները ծրագրում են անդրադառնալ օգնության նոր փաթեթին միայն հուլիս ամսին: