Երևանում ավտոլվացման կետի աշխատակցին դանակահարել է մեկ այլ ավտոլվացման կետի աշխատակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

դանակ.

Ոստիկանության Էրեբունու և Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի մանրամասները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Սարգիս Մ.-ն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։

Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել վիրավորի կյանքը, Էրեբունու և Մասիսի ոստիկանները պարզել են, որ Սարգիս Մ.-ն նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ, իսկ նրան դանակահարել է Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդգես Թ.-ն։

Էրեբունու և Մասիսի ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ վիրավորն ու կասկածյալն աշխատում են տարբեր ավտոլվացման կետերում՝ որպես ավտոլվացողներ։