Թորոսյանը հույս ունի՝ բժիշկների թիկունքում իրեն կներեն, բայց չեն ներելու հենց բժիշկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

գորգիսյան

Բոլոր ժամանակներում եւ բոլոր հասարակություններում հանրության, պետության ու պետականության համար պատուհաս են դարձել ամբիցիոզ միջակությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «Լուսավոր Հայաստանի» մասին արված հայտարարությանը:

«Այդպիսիք վստահ են, որ իրենք միշտ ճիշտ են, ամեն ինչ գիտեն, ամբարտավան են ու գոռոզ։ Ուստի, ոչինչ չեն սովորում եւ ջղաձգորեն են վերաբերվում ցանկացած այլակարծության։ Սխալներ՝ ոչ թե ուղղելու, այլ կոծկելու համար, գործում են նոր սխալներ եւ խորացնում ճգնաժամը, որովհետեւ ունակ չեն ընդունելու, որ սխալ են գործել։ Ու նրանց համար միշտ բոլորը մեղավոր են, բացի իրենցից։

Այսօր այդպիսիք շատ կան, բայց տիպիկ օրինակ է Արսեն Թորոսյան առանձնյակը։

Սույն պարոնն իր պաշտոնավարման ողջ ընթացքում չկարողացավ տարբերել առողջապահությունը հիվանդաբուժությունից։ Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ՝ հույսը դնելով միջազգային կառույցների վրա։ Չկարողացավ լսել տարբերվող կարծիք ու խորհել այդ կարծիքի շուրջ։ Արդյունքում, ուշացած ու չհիմնավորված որոշումները բերեցին հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի։

Իսկ հիմա նա թաքնվում է հերոսաբար աշխատող բժիշկների թիկունքում, ովքեր շարունակում են մնալ չգնահատված ու թերվարձատրվող։ Նա հույս ունի, որ բժիշկների թիկունքում իրեն կներեն։ Բայց նրան չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները։

Համավարակի առաջին իսկ օրվանից հանդես եկանք հակաճգնաժամային առաջարկներով, փորձեցինք բարձրաձայնել խնդիրները, որոնք կարող էին վրիպել իշխանության տեսադաշտից ու առաջարկեցինք նաեւ լուծումները։

Կառավարությունն ամենն անտեսեց ու արեց այն, ինչ արեց, բայց այսօր արդյունքների համար կրկին մեզ են մեղադրում կամ քաղաքացիներին։

Հաշվի առնելով նաեւ սույն առանձնյակի ցինիզմը՝ հատկապես վտանգավոր է նրան վստահել մարդկանց կյանքի հետ կապված որոշումներ կայացնելը։

Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա այս ճգնաժամից, ու բոլորս այդ ժամանակ պիտի հետեւություններ անենք»,-գրել է Գորգիսյանը: