Բյուջեի ծրագրերի ֆինանսավորման համար կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ կվերցնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

հասարակական

Բյուջեի ծրագրերի ֆինանսավորման համար կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ կվերցնի: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագրին:

Մինչ նախագիծը ներկայացնելը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսել է նախագծի պատմությունից. «Անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել, հետևաբար, այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր բյուջեի ցուցանիշների վրա»:

Նա նշել է, որ ենթադրվում է՝ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ կհանգեցնի դեֆիցիտի մեծացման՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում. «Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»:

Նախարարը նաև հավելել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանը մենակ չի եղել խնդիրների հետ, այլ Հայաստանին ուղեկցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ներդրումային հանրույթը և պատրաստակամությունն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել: Անդրադառնալով ներկայացվող նախագծին՝ նա ասել է, որ նախագծով Հայաստանը շարունակում է  երկարատև համագործակցությունը ԱՄՀ-ի հետ:

«2019-ին մենք ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ և ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից: Մինչդեռ համավարակը հաշվի առնելով՝ մենք մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտեցինք բանակցությունների հերթական փուլը, վերանայվեց ծրագիրը: Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել՝մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, ինչը կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի, այլ կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն՝ որպես բյուջետային աջակցության վարկ»,- պարզաբանել է Ջանջուղազյանը:

Հայաստանի համար արդեն հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ ծավալով բյուջետային միջոցներ, որը համարժեք է 280 մլն դոլարին: Եվս 25․714 մլն ՀՓԻ հասանելի է դառնալու ծրագրի երրորդ վերանայման արդյունքում, 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: