«Հալեպ» ՀԿ-ն կրթաթոշակ է տրամադրել Հայաստանի 10 բուհերում սովորող 46 ուսանողի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

1

«Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, կրթաթոշակներ է տրամադրել հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի:

2020 թ. փետրվարին հայտարարված՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին 102 ուսանողներ, որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացել է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի մասնակցությամբ:

Պայմանավորված COVID-19-ի համաճարակով, հանձնաժողը քննարկումն իրականացրել է առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվել են յուրաքանչյուր դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ծրագրով հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների նկատառումների արդյունքում ընտրվեց 10 համալսարան ներկայացնող 46 ուսանող: Կրթաթոշակակիրները Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ: