Նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է վարչապետին. քահանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

 

քահանա
Տեր Օշին քահանա Հայրապետյանը ֆեյբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սաղմոսավանքի հարսանիքից արված լուսանկարի հրապարակմանը: 

«Սիրելի՛ հավատացյալներ, այսօր ՀՀ վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ է։ Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել։

Տեղեկացնեմ նաև, որ հարսանիքներ ընդհանրապես թույլ չի տրվում՝ բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։

Ավելին, եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։
Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է վարչապետին և մեզ ամենքիս։

Ամոթ է, մի՛ արեք»,-գրել է քահանան։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Սաղմոսավանքից՝ այն ներկայացնելով որպես պարետատան սահմանած սոցիալական հեռավորության խախտման դեպք, իսկ ավելի ուշ ջնջել այն: