Մեկուսացվածները հիմնականում հոգեբանական խնդիրներ էին ունենում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

հասարակական

«Երեխաներիս ամուր գրկեցի ու դուրս եկա տնից։ Գնալուս որոշումը կայացվել է ընդամենը 10 րոպեում։ Ունեմ 2 երեխա՝ 3 տարեկան տղա և 5-ամյա աղջիկ։ Ինձ համար շատ դժվար էր թողնել երեխաներիս ու գնալ, բայց չէի կարող չգնալ, իմ պարտքն էի համարում»,- 24News-ի հետ զրույցում պատմել է համաճարակաբան Նաիրա Զիրոյանը։ 

Նաիրան մարտի 17-ից մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նա որպես կամավոր մեկնել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց և աշխատել որպես համաճարակաբան։ Ներկայումս սովորում է Առողջապահության ազգային ինստիտուտում՝ որպես օրդինատոր։ 

Համաճարակաբանը Ծաղկաձորից տուն է վերադարձել մարտի 29-ին, այնուհետև կրկին ներգրավվել է կորոնավիրուսի դեմ պայքարում և ապրիլի 2-ից աշխատել է «Ավիատրանս» հյուրանոցում։ 

«Ունեի լավ թիմ, որոնք հետագայում դարձան իմ ընկերները, այս հյուրանոցում աշխատել եմ որպես թերապևտ։ Մեկուսացվածները հիմնականում հոգեբանական խնդիրներ էին ունենում։ Անընդհատ հարցնում էին՝ մեր վերջը ո՞նց է լինելու։ Մտերմացել էի բոլորի հետ», - պատմում է նա։ 

Նաիրա Զիրոյանը նշում է, որ աշխատանքի ընթացքում դժվարություններ շատ են եղել․

«Գիտես, որ ցանկացած ժամանակ կարող ես վարակվել, բայց հստակ գնում ես առաջ և ոչնչի մասին չես մտածում։ Ընտանիքս այս մտքին չէր համակերպվում։ Երեխաներիս կարոտը մեկուսացված երեխաներից էի հանում։ Ամենակարևոր տոնի ժամանակ՝ Սուրբ Զատկի օրը, տանը չեմ եղել։ Աղջիկս ասում էր՝ բոլոր ընտանիքները միասին են անցկացնում, ես էլ չգիտեի՝ ինչ պատասխանեի։ Խոստացա հաջորդ տարի միասին տոնել»։ 

Անդրադառնալով ներկայիս համաճարակային իրավիճակին՝ Նաիրա Զիրոյանը նշում է, որ շատ անհանգստացնող է։ Համաճարակաբանը նկատում է, որ բժիշկները ևս իրենց բաժին մեղքն ունեն վարակի տարածման մեջ, նրա խոսքով՝ առաջին օղակի բժիշկները պետք է ուշադիր լինեն և փորձեն շատ ինֆորմացիա տալ պացիենտներին, որով որոշ չափով կարելի է կանխել վիճակի սրացումը։ 

«Կարծում եմ՝ մենք միասին պետք է հաղթահարենք այս համաճարակը։ Ուզում եմ ասել՝ մարդի՛կ, սթափվե՛ք, խնդրում եմ։ Դուք կարող եք ուրիշի դժբախտության պատճառ դառնալ, մի քիչ պատասխանատվություն կրեք։ Միևնույն ժամանակ, պետք չէ մտածել, որ կորոնավիրուսը դատավճիռ է», - ասում է Նաիրա Զիրոյանը։

Սոնա Գրիգորյան