Ովքեր են Երևանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

երևանիքաղաքապետարան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երեւանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ որում, որքան էլ զարմանալի է, հիմնական բացակաները ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն են: Ովքե՞ր են այդքան շատ բացակայում: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել 2018թ. հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչեւ օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ մինչ այժմ տեղի է ունեցել ավագանու 29 նիստ: Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ այդ նիստերից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը, 11 անգամ՝ Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը եւ Ռուբեն Սիմոնյանը: Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն:

Օրինակ՝ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ եւ այդպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը նշեց, թե բացակայել է առողջական խնդիրների պատճառով, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, թե ռեկտոր լինելու ընթացքում դժվարացել է համատեղել եւ անգամ հրաժարվել է ավագանու անդամներին տրվող փոխհատուցումից, որը նվազագույն աշխատավարձի չափով է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում