Մի՛ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ. ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

թեհմինա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է․

«Ցավալի է, որ մեր երկրում համավարակի դեմ պայքարի հիմնական մեթոդը դարձել է մարդկանց ծաղրելն ու պախարակելը: Ամեն ինչ արդեն դուրս է գալիս տրամաբանությունից և թույլատրելի սահմանից: Հասարակության վերաբերմունքն ու պահվածքը գալիս է իշխանությունների լուրջ և հաճախ անլուրջ մոտեցումից: Վերջին օրերին մարդիկ հիմնականում մտնում են վարչապետի անձնական էջ և զվարճանում այլ քաղաքացիների վրա: Սա անթույլատրելի է: Էլ չեմ խոսում «անեծքի» թիրախ տատիկների և պապիկների մասին:

Պրն. Փաշինյան, անկեղծորեն խնդրում եմ, դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը: Մարդկանց իրար դեմ հանելով՝ համավարակը չի նահանջելու: Մի՛ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ: Կրկին անգամ հասարակությանը մի բաժանեք «սևերի» ու «սպիտակների»:

Հ. Գ. Երիտասարդ աղջկա դեմքը ես փակ կտեղադրեմ: Հարգելի՛ ընկերներ, խնդրում եմ, դադարե´ք ծաղրի ենթարկել այս աղջկան, նրա մարմինն ու հագուկապը: Որևէ մեկը, անկախ սեռից, պաշտոնից, դիրքից և վարքուբարքից, դրա իրավունքը չունի»:

Նշենք, որ օրերս վարչապետը դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում նկարահանել և իր էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր՝ նշելով ժամկետը, վայրը և դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: