Վրացիները կոչ են արել կառավարությանը օգնել ՀՀ-ին, վարակվածներ բերել Վրաստան բուժելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

կոբբ

Վրաստանի և Հայաստանի կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են: Այդ մասին հայտարարում է Վրաստանի արտգործնախարարությունը: Ըստ հարևան երկրի ԱԳ նախարարի մամուլի խոսնակի՝ Վրաստանը ևս մեկ անգամ Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել, գրում է aliq.ge-ն:

«Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հայտարարում է ԱԳՆ-ն:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ հունիսի 4-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, այն է՝ «բուժհաստատություններն այն վիճակում են, որ արդեն կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել», վրացական ԶԼՄ-ներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադարձել են այդ թեմային:

Հայաստանին աջակցելու առաջարկով սոցիալական ցանցերում հանդես են եկել քաղաքական ու հասարակական գործիչներ, ակտիվիստներ: Ստեղծվել է նաև օնլայն ստորագրահավաք, որտեղ քաղաքացիները կոչ են անում Վրաստանի կառավարությանն օգնել Հայաստանին՝ հիվանդներին Վրաստան տեղափոխելով:

--0--ԼՄ