Կոտայքի մարզպետը COVID-19-ը կանխարգելող առաջարկներով դիմել է համայնքների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

հասարակական

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիմք ընդունելով համավարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թվի աճը, ինչպես նաև առաջնորդվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականով՝ մեր մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել եմ.

-հնարավոր բոլոր դեպքերում բացառել համայնքի տարածքում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում թույլ տալ դրանց անցկացումը նվազագույն թվաքանակով մարդկանց մասնակցությամբ՝ մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադիր պայմանով

-համայնքի տարածքում իրականացնել բնակչության իրազեկում՝ կապի բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ՝ բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով ու հեռախոսակապով, այդ թվում՝ նաև բջջային կապի կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով:

Հարգելինե՛րս, այլևս պետք է ընդունել և հասկանալ, որ մեր սոցիալական, անձնական պատասխանատվության թերացմամբ կամ բացակայությամբ նպաստում ենք ոչ միայն այս ճգնաժամի խորացմանը, այլ ավելի դժվարացնում նաև համավարակի դեմ պայքարող բոլոր օղակների խնդիրներն ու աշխատանքը: Ուստի, դրսևորելով հանրային լուրջ վերահսկողություն և սոցիալական բարձր պատասխանատվություն, կարող ենք շատ ավելի վաղ և արդյունավետ հաղթահարել համավարակով պայմանավորված առկա սպառնալիքները։Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ դրսևորել պատասխանատվության բարձր նիշ և գիտակցել, որ յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի կյանքն ու առողջոթյունը: Առո՛ղջ եղեք», – ասված է մարզպետի գրառման մեջ:

--0-- ՍՊ