Երևանում և Արմավիրում ավտոմեքենայի համարանիշ գողացողների խմբի անդամներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

1

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են մի քանի անձանցից կազմված խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում 1 տասնյակից ավելի ավտոմեքենաների համարանիշներ գողանալու համար։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Նշված գողությունների փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում երեկ՝ հունիսի 4-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցից ոստիկանները շորթում կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 22-ամյա Էրիկ Ս.-ին, 22-ամյա Հարություն Գ.-ին, իսկ Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքների շուկայից՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Արտավազդ Պ.-ին և 24-ամյա Ռաֆայել Գ.-ին։

Պարզվել է, որ Էրիկ Ս.-ն և Ռաֆայել Գ.-ն, նախնական համաձայնության գալով, մայիսի 18-ին Նոր Նորք վարչական շրջանում գողացել են 42-ամյա Էդուարդ Ս.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված 01 ՍԼ 111 համարանիշները։

Քննիչի որոշմամբ Ռաֆայել Գ.-ն, Էրիկ Ս.-ն ձերբակալվել են, իսկ Արտավազդ Պ.-ն և Հարություն Գ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել։

Քննչական բաժնում քննիչի կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ Էրիկ Ս.-ն և Ռաֆայել Գ.-ն մայիսի 18-ին հափշտակել են Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Գյուրջինյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի 99 MԼ 909 համարանիշները։

Նույն օրը նշված անձինք հափշտակել են նաև Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ալեքսանյանին պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի E 481 XԲ 197 համարանիշները։

Հափշտակել են նաև Երևանի բնակիչ, 66-ամյա Խաչատուր Մարգարյանին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի 22 MM 122 համարանիշները։

Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նշված խումբը նմանատիպ բազմաթիվ գողություններ է կատարել։ 

--0--ԼՄ