«Օրենքով գողը» տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News 

հասարակական
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Օրենքով գող» համարվող Արսեն Մկրտչյանը, նույն ինքը՝ Արսեն Երեւանսկին տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 21-ից նա պահվում էր ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Փաստաբաններն ահազանգել էին, որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ, տառապում է մի շարք հիվանդություններով, մասնավորապես՝ հենաշարժողական համակարգի պաթոլոգիայով պայմանավորված չի կարողանում շարժվել կամ այլ անձանց օգնությամբ է շարժվում, ինչպես նաև մարմնի վրա բաց վերքերի առկայությամբ պայմանավորված ունի սանիտարական, սոցիալական և բժշկական ամենօրյա խնամքի կարիք: Նրա հիվանդություններից երեքը, ըստ պաշտպանական կողմի, ներառված են կառավարության 825-Ն որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

Այս շաբաթ նրան այցելել էին բժիշկներ, որոնք եզրակացություն էին տվել, որ նա ունի ստացիոնար բուժման կարիք։ Փաստաբանները դիմել էին ՄԻՊ-ին՝ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցով։ Մեզ հաջողվեց պարզել, որ «Օրենքով գողին» երեկ ՔԿՀ-ից տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն հոդվածով Արսեն Մկրտչյանին առաջադրվել է մեղադրանք ու որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս