Ավտովթար՝ Երևանում. 40-ամյա վարորդը մեքենայով կողաշրջվել է և տեղում մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

հասարակական

Հունիսի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Էլյազյանը իր վարած BMW X 5 մակնիշի 87 RO 087 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երթակե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետև առաջ ընթանալով բախվել թիվ 16 փողոցի 1-ին տան պատին և կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդին ավտոմեքենայի տակից դուրս են բերել բնակիչները և վթարի հարևանությամբ գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք արձանագրել են վարորդի մահը:

Բախման հետևանքով կոտրվել են տներից մեկի երկաթե ցանցե ճաղավանդակները և քարե պարիսպը:

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր:

--0-- ՍՊ