Հրազենի գործադրմամբ սպանություն. 38-ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

հասարակական

Հունիսի 7-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:

Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, որն, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացել է հրազենից արձակված կրակոցներից:

Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով:

Կրակոցների հետևանքով վնասվել է նաև օբյեկտներից մեկի ապակին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատամամբ, հնչեցնում սպառնալիքներ ու հայհոյանքներ: Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրել էին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորություն, բայց այդ երիստասարդները շարունակում էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններ նրանց բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Դրանից հետո միայն քննիչները կարողացել են առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց, սակայն, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չի հրապարակվում:

--0-- ՍՊ