Աղաջանյանը հերքում է, որ իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանալ է լրատվամիջոցում ավելի վաղ հայտնված այն տեղեկտվությունը, թե «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել։ 

«Քիչ առաջ 168.am կայքում «Փարթի իշխանական «Ֆերմատանը» վերնագրով մի նյութ է հրապարկվել, որտեղ շոշափվում է նաև իմ անունը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ», - գրել է Աղաջանյանը։

«Դժվարանում եմ դրական շարժառիթներ տեսնել այն բանում, թե այս լարված ժամանակահատվածում ինչու են մեր լրատվական դաշտի որոշ գործընկերներ, առանց լուրի իսկությունը ճշտելու, ապշեցուցիչ արագությամբ դա արտատպում իրենց կայքերում՝ կամա ակամա մոլորեցնելով մեր հանրությանը։ Այսպիսով՝ 168.am կայքից պահանջում եմ անմիջապես հերքել տարածված ապատեղեկատվությունը, որպեսզի խուսափենք մեր պետության ու ժողովրդի համար այս դժվարին օրերին լիովին անհարկի թվացող դատական գործընթացից», - նշել է նա։

Հիշեցնենք, 168․am-ը այսօր գրել էր. «Մինչ իշխանությունները ժողովրդին մեղադրում են պարետատան սահմանած կանոնները չպահպանելու մեջ, ռեյդեր են իրականացնում, վարչապետը իր էջում կիսվում է տարբեր տեսանյութերով և լուսանկարներով, պարզվում է, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը»։

--0-- ՍՊ