Կոչ ենք անում Արցախի բնակչությանը՝ ցուցաբերել բարձր ինքնագիտակցություն․ Արցախի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է.

«Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ,

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը,

Հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ 2020-ի հունիսի 6-ին ԱՀ խորհրդարանում Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները,

Կարևորելով հանրության առողջության անվտանգության պահպանումը, հիվանդության տարածման կանխարգելումը և այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը,

Պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնացել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ և քարոզչական աշխատանքներին,

Կոչ է անում Արցախի բնակչությանը՝ ցուցաբերել բարձր ինքնագիտակցություն և խստագույնս պահպանել ԱՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, հետևել առողջապահության նախարարության կողմից տրամադրված ուղեցույցներին՝ մասնավորապես.

1. Մարդաշատ վայրերում պարտադիր կրել դիմակ
2. Պահպանել սոցիալական հեռավորությունը,
3. Պարբերաբար ախտահանել ձեռքերը,
Ինչպես նաև ակտիվացնել վարակի կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքները` միանալով ԱՀ նախագահի կոչին»:

--0-- ԱՀ