Կիպրոսը հունիսի 9-ից վերականգնում է այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

ավիա
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Կիպրոսը հունիսի 9-ից վերականգնում է այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը, Լառնակայի և Պաֆոսի օդանավակայանները վերսկսելու է գործունեությունը։ Կիպրոսը սահմանափակումները չեղարկել էր մայիսի 4-ից:

Աղբյուրը հիշեցնում է, որ կղզու օդանավակայանները կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին մարտի 21-ից, բացառություն է բեռների և հումանիտար, բժշկական ապրանքների ավիափոխադրումը, ինչպես նաև այլ երկրներից կիպրոսցիներին հայրենիք վերադարձնող չվերթները։

Համաճարակաբանական իրավիճակի հիման վրա երկրների երկու դասակարգ է սահմանվել՝ A և B, որոնց հետ Կիպրոսը վերսկսել է ավիահաղորդակցությունը։

А դասակարգը ներառում է Հունաստանը, Մալթան, Բուլղարիան, Նորվեգիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Իսրայելը, Դանիան, Գերմանիան, Սլովակիան, Լիտվան։

B դասակարգում ընդգրկվել են Շվեյցարիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Էստոնիան, Չեխիան:

Հունիսի 20-ից մեկնարկող երկրորդ փուլում A դասակարգի երկրներից ժամանած ուղևորներից վկայականներ չեն պահանջվի։ Լաբորատոր ստուգումների վերաբերյալ վկայական կներկայացնեն միայն B դասակարգի երկրներից ժամանած ուղևորները։

Այս երկու դասակարգում չներառված երկրներից Կիպրոս ժամանած քաղաքացիները ստիպված կլինեն անցնել 14-օրյա տնային կարանտին։

Նշենք, որ Կիպրոսում կորոնավիրուսով վարակվածների թիվը 970 է, որից 18-ը մահացել է: Ակտիվ վարակակիրների թիվն այս պահին 145 է:

--0—LՄ