Մեզ դեռ չի հաջողվել արմատախիլ անել միջանձնային հարաբերությունում մերժելի բարքերը. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ.

«Տեսլականը նպատակ ունի պաշտպանության համակարգի ներկայի և ապագայի վերաբերյալ իմ մոտեցումներն ու գնահատականները հասցնելու մեր հասարակությանը, կառավարության և պաշտպանության նախարարության իմ գործընկերներին, թիմակիցներին և զինված ուժերի ամբողջ անձնակազմին»,- նշել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա փոխանցմամբ՝ կառավարության ծրագրում ամրագրվել է պարտականության զգացողությունն առաքելության զգացողությամբ փոխարինելու մթնոլորտի կայացման հրամայականը, և վերջին երկու տարիների ընթացքում որդեգրվել է«անել առավել, քան…» կարգախոսը:

«Անշուշտ, մի կողմից` խառը համալրմամբ մեծաթիվ բանակ ունենալու, մյուս կողմից՝ այն մարտունակ, ժամանակակից սպառազինությամբ զինված, համակողմանիորեն ապահովված, մարտական բարձր վարպետությամբ և հաղթական ոգով պահելու և զարգացնելու հրամայականը պահանջում է ոչ միայն մեր հավաքական ներուժի համեմատ անհամաչափ մեծ մարդկային, ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և գիտակրթական ռեսուրսներ, այլև այդ ռեսուրսներն արդյունավետ պլանավորելու, կիրառելու, կառավարելու և հաշվետու լինելու՝ մեր հավաքական կարողությունների առավելագույն սահմանին հասնող գիտելիքներ, հմտություններ, կամք ու բարեվարքություն:

Տոնոյանի փոխանցմամբ՝ այս մոտեցումն արդեն իսկ հնարավորություն է ընձեռել կոտրելու տասնամյակներով ձևավորված և հայկական բանակում արմատավորված շատ կաղապարներ՝ զինծառայողների կենցաղային պայմանների և սննդի կազմակերպումից մինչև զինատեսակների ընտրություն, մարտական հերթապահության կազմակերպումից մինչև ռազմադիվանագիտական քայլեր, մարտավարական խնդիրներից մինչև ռազմավարական որոշումների կայացում:

«Կարող ենք արձանագրել, որ սկսվել է ռազմական մշակույթի փոփոխության և ժառանգություն ստացած ու իրենց դարաշրջանը վաղուց ապրած սովորությունների վերացման դժվարին, բայց անշրջելի գործընթաց։ Միևնույն ժամանակ, մեզ դեռևս չի հաջողվել արմատախիլ անել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միջանձնային հարաբերություններում առկա մերժելի բարքերը, որոշ ոլորտներում ոչ համակարգային, բայցևայնպես առկա կոռուպցիոն դրսևորումները, ամբողջովին արմատավորել առաքելության ընկալման և առաջնորդության իրականացման, հաշվետվողականության, պլանավորման և իրագործման պրոֆեսիոնալ մշակույթը և այլն: Երևույթներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի միտքը, քայլը, ջանքը և ներդրումը, անհաջողություններից չընկճվելու և համառորեն առաջ շարժվելու ունակությունը»,- ասված է տեսալականում:

--0-- ՍՊ