Նմանօրինակ կադրային փոփոխությունը վկայում է իշխանության բարձր շերտում պարանոիդ ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

սաղաթելյան

Հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Որպես կանոն, ճգնաժամի ընթացքում տարբեր երկրների իշխանություններ մեծացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի են ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը: 

Ուժային» և «ռեֆորմիստական» կառավարումը մենեջմենթի երկու՝ սկզբունքորեն տարբեր հայեցակարգեր են, և որպես կանոն, նախապատվությունն այս կամ այն հայեցակարգին կախված է ժամանակահատվածից, առկա մարտահրավերներից և, որպես հետևանք, ընտրված ռազմավարությունից: Բավական է վերընթերցել Եվրոպայի հետպատերազմական պատմությունը, որպեսզի պատկերավոր կերպով համոզվենք, թե ինչպես են այդ երկու հայեցակարգերը փոխարինել մեկը մյուսին. ուժայինները, որոնք պահանջված էին խիստ ճգնաժամի և պատերազմի ժամանակահատվածում, գործից հեռանում էին, երբ ճգնաժամը վերանում էր, և կրկին վերադառնում արդեն նոր ճգնաժամի շրջանում (Ուինսթոն Չերչիլ, Շառլ դը Գոլ և ուրիշներ):

Սակայն անգամ հրադադարի ժամանակահատվածում դժվար է գերագնահատել ուժայինների և ուժային կառույցների դերը: Հատկապես, երբ այդ հրադադարը բավականին հարաբերական է, ներքին և հատկապես արտաքին սպառնալիքները ոչ ոք չի չեղարկել, իսկ «Covid-19»-ի հետ կապված ճգնաժամային կառավարումը երկրում ամբողջովին տապալված է: Եվ տապալված է, քանի որ ուժայինների և ճգնաժամային կառավարման փորձ ունեցող մարդկանց փոխարեն որոշումներ են ընդունել ընդհանրապես նշանակալի փորձ, գիտելիքներ և հմտություններ չունեցող մարդիկ:

Սակայն խոսքն անգամ դրա մասին չէ: Խոսքը միանգամից երկու ուժային կառույցների ղեկավարների և երկրի ամենաբարձրաստիճան ռազմական պաշտոնյայի (ԶՈՒ ԳՇ պետ) փոփոխության մասին է: Մեկ օրում նմանօրինակ կադրային փոփոխությունները, հստակ հիմնավորումների բացակայությունը, երկու տարում ոստիկանության կազմում և ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների քանակը, ինչպես նաև նոր նշանակման բնույթը վկայում է իշխանության ամենաբարձր շերտերում չափազանց խորը և արդեն, թերևս, ծայրահեղ պարանոիդ ճգնաժամի մասին:

Դեռ մի կողմ թողնենք ուժային կառույցներում կադրերի բաշխման հարցը, որոնց պատրաստման համար կարող են տասնամյակներ պահանջվել: ԱԱԾ՝ հրաժարական ներկայացրած ավագ սպային (մայոր և ավելի բարձր) չես փոխարինի փողոցից բերած ինչ-որ թեկնածուով: Որքա՞ն սպաներ են ազատվել «տեղակալի» նախորդ նշանակումից հետո, և դեռ որքա՞ն կհեռանան այժմ: Լսեցի այն մտքերը, որոնք հնչել են ԱԱԾ ղեկավար կազմի առաջ: Լսածիցս հետո դժվար է մնալ թույլատրելիի սահմաններում, և այն, ինչ կարող եմ անել տվյալ պահին, երկաթյա համբերություն մաղթելն է պետության կարևորագույն կառույցներից մեկի սպաներին, որը խաղալիք է դարձել խարդախների ձեռքում:  

Հասկանալով տվյալ նշանակումների իրական մտադրությունը՝ հույս ունեմ, որ ուժ կգտնեք ձեր մեջ զերծ մնալու այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են ձեր իրական առաքելության և սպայի պատվի և արժանիքի հետ: Պատիվ ունեմ»:

--0-- ՍՊ