Լոռիում 2 տոննա քաշով ժայռաբեկորն անջատվել և ընկել է երկաթուղային գծերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից։

Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

--0-- ԱՀ