ԵԽ հայտարարությունն ապտակ է ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը եվրոպական ուղղությունով. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

արմեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԵԽ-ի հայտարարությանն ու կոչին՝ ուղղված Հայաստանին և Ադրբեջանին: Հրապարակված տեսանյութին կից Աշոտյանը նաև գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր պառլամենտականները սովոր են եղել պարգևավճար-օրապահիկ-գործուղում «կախարդական» բանաձևով աշխատել։ Իսկ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը բացարձակ չի հետաքրքրել իրենց։ Եվրոպական պառլամենտում խնդիրները վաղուց էին հասունացել։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ արդեն մեկ տարուց ավելի:

Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը դեմ է։ Այս հայտարարությունը համանախագահների առաջարկությունների փաթեթին դեմ է։ Այս հայտարարության հեղինակներն ակնհայտորեն կամ չեն տիրապետում խնդրին կամ ընկել են ադրբեջանական լոբիստների ազդեցության տակ։

Նման հայտարարությունները մշտապես ունենում են լրջագույն քաղաքական հետևանք։ Նման հայտարարությունները կուտակվում են, և քաղաքական հայարարություններից հետո գալիս է քաղաքական որոշումների մասը։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է։ Սա խորհրդարանական դիվանագիտության համար կորոնավիրուսի դրական թեստին համարժեք բան է։

Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ, և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին կոչ արել բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:

--0—LՄ