Գոգյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարի հաղորդման դեպքով քրգործի հարուցումը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրեական գործ չհարուցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հայկական ժամանակին» ասել է, որ քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Նախարար Արայիկ Հարությունյանը հաղորդում էր տվել ֆեյսբուքյան լայվի միջոցով, որի առիթը բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունն էր, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որի ատենախոսության մեջ հայտնաբերվել են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, շարունակում է պաշտոնավարել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորության շնորհիվ: Նախարարն ընդգծել էր, թե իր հաղորդումից հետո իրավապահները կպարզեն՝ իսկապես գործ ունենք հովանավորչությա՞ն, թե՞ զրպարտության հետ:

ԲՈԿ նախագահ Գոգյանը, նշված ու նաև այլ պատճառներ մատնանշելով, պաշտոնից ազատման դիմում էր գրել մոտ մեկ ամիս առաջ: Իր որոշումը նա պատճառաբանել էր նաև արժեքային այս տարբերությամբ, երբ մի դեպքում ատենախոսության հետ կապված խնդիրները վճռորոշ են դառնում, ինչպես դա եղավ նշված բուհի նախորդ ռեկտորի պաշտոնակատարի պարագայում, մյուս դեպքում անտեսվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի դիմումը դեռ չի ստորագրել, և նա այս ընթացքում աշխատանքի է գնում: Ֆեյսբուքյան իր էջում ԲՈԿ նախագահաը երեկ գրառում էր կատարել, որ մինչև հրամանի վավերացումն իր պարտքն է համարում բարեխղճորեն կատարել աշխատանքը, ինչ վերաբերում է իր կողմից բաձրացված հարցերին, ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի, այլ զարգացում չի տեսել:

Հիշեցնենք, որ Գոգյանի ազատման դիմում գրելու պատճառների մասին հայտարարություններից հետո մայիսի 25-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստը էր հրավիրել, որը տեղի էր ունեցել դռնփակ։

--0-- ՍՊ