Եթե չփորձենք կանխել վարակի տարածումը, արժեքավոր մարդկանց ենք կորցնելու. Սադոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

սադ

Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը կոչով դիմել է հանրությանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, չնայած մեզ մոտ խորհրդարանական համակարգ է հաստատվել և խնդիրները հիմնականում պետք է լուծվեին ներկայացուցչական մարմնի կողմից, բայց հասկանալի պատճառներով` գործնականում բոլոր կարևոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից իր բոլոր վտանգավոր հետևանքներով:

Ես ուշադիր հետևում, փորձում էի հասկանալ, թե ինչ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը նախ մայիսի սկզբից շտապեց ազդեցիկ շատ սահմանափակումները հանել և հետո էլ, չնայած բազմաթիվ ահազանգերին, զգուշացումներին, մինչ այժմ բացի դիմակների, ձեռնոցների մասին խոսելուց վարակի կանխարգելմանը ուղղված այլ լուրջ քայլերի չի դիմում:

Ես չգիտեմ՝ ովքեր են խորհուրդներ տալիս նրան: Չգիտեմ՝ ոնց են նրանք համոզել, որ կա ինչ-որ կոլեկտիվ իմունիտետ, որ հիվանդությունը այդքան էլ սարսափելի չէ, որ մահերը այդքան էլ շատ չեն լինելու, և չարժե այդ պատճառով վնասել տնտեսությանը: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս նա ավելի հաճախ է խոսում ասիմպտոմ հիվանդների մասին, պնդում, որ մեր մոտ 100 հազարից շատ ավելի վարակակիրներ կան: Դա է հավանաբար պատճառը, որ արդեն փորձում է համոզել, որ վարակի դեմը այլ ճանապարհներով հնարավոր չէ առնել, ինքը մեղք չունի, մեկ է՝ ստիպված ենք քայլել դժոխքի միջով, բայց կարող ենք դա անել քիչ կորուստներով:

Իհարկե, տնտեսական հեղափոխության տեսլականը շատ հրապուրիչ է: Իհարկե, սահմանափակումները լուրջ վնաս կարող են տալ: Բայց չհասկանալ, թե որքան թանկ արժե մարդկային կապիտալը, և եթե չփորձենք հնարավորինս կանխել վարակի տարածումը, ինչ արժեքավոր մարդկանց ենք կորցնելու, կարծում եմ՝ առաջնորդը պարտավոր էր առաջին հերթին դրա մասին մտածեր:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ամենաթույլ, հետամնաց ազգը չենք: Մեր վատ սովորությունների, կարողությունների պակասի պատճառով չէ, որ հայտնել են ամենավերջինների ճամբարում: Եթե Եվրոպական և շատ ուրիշ երկրներ, նույնիսկ մեր հարևանները, կարողացել են հստակ քայլերով հաջողության հասնել, մենք էլ, կարծում եմ, կարող էինք դա անել, եթե սխալ ուղիով չգնայինք:

Փառք Աստծո, այսօր էլ դեռ հնարավորություններ կան: Այսօր էլ դեռ ջանքերը համատեղելով, կարգի հրավիրելով մեր ապաշնորհ կառավարիչներին  կարող ենք հաջողության հասնել: Գոյատևման խնդիրն է  դրված կշեռքի նժարին: Չի կարելի նույնիսկ թույլ տալ, որ մոտենանք դժողքին: Հապաղել իրոք չի կարելի:

Ցավոք, այժմ այլ հնարավորություն չունենք: Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Առաջիկայում էլ հիմնական որոշումները այս իշխանություններն են դեռ ընդունելու: Բայց ի վերջո նրանց էլ կարելի է պարտադրել: Համոզված եմ, որ փորձի, գիտելիքների, մեծամտության պատճառով է միայն, որ թույլ են տվել այդ կոպիտ սխալները և եթե հասկանան կփորձեն ուղղվել:

Ելքի ճանապահները հստակ գծագրել և արդեն դրել ենք նրանց սեղանին: Ասել ենք, որ ինչքան էլ դժվար լինի բոլոր հիվանդներին է պետք  մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն: Լուրջ, շատ լուրջ սահմանափակումներ պետք է դնել թեկուզ տնտեսությանը վնաս տալով: Ի հարկե բոլորիս համար էլ դա դժվար կլինի, բայց մարդիկ արդեն պատրաստ են թեկուզ զրկանքների գնով` աջակցել օգնել, որ այս չարիքը հաղթահարվի:

Մի կողմին միայն մեղադրելով էլ խնդիրը չի լուծվի: Համատեղել է պետք ջանքերը: Նորից ու նորից եմ դիմում Ձեզ հայրենակիցներ, ինչ եղել՝ եղել է, բախտորոշ այս պահին Ձեր ձայն էլ բարձրացրեք, Դուք էլ պահանջեք պարտադրեք, որ նրանք վերջապես խելքի գան, ճիշտ ուղի ընտրեն: Հասկացրեք, որ սա է փորձաքարը, հնարավոր է, որ սխալներն էլ ներվեն եթե համատեղ ջանքերով կարողանանք հաջողության հասնել»:

--0—LՄ