«Մրջյունը փիղ է դարձել». Թորոսյանը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

թորոսյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կան հիվանդանոցներ, որոնք մասնակից չեն դառնալու կորոնավիրուսի բուժմանը:

Հարցին, թե ինչու չեն ընդունել Համալսարանական հիվանդանոցի և «Նաիրի» ԲԿ-ի օգնությունը, Արսեն Թորոսյանն ասել է. «Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի միջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, և ոչ մի անձնական ամբիցիա չկա և չի կարող լինել, և ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքներին համապատասխան և այդ սկզբունքները միշտ լինելու են, և, այո՛, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետև սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է այլ հիվանդություններով ևս»:

Հարցին՝ խոսքն ընդամենը 10 մահճակալի մասի՞ն է, Թորոսյանն ասել է՝ այո՛, ապա հավելել. «Մրջյունը փիղ է դարձել. խոսքը ձեր նշած Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասին է, իսկ «Նաիրին», որոշում է կայացվել, որ ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսային հիվբանդության բուժմանը, և դա ճիշտ որոշում է բազմաթիվ առումների առումով, և ուժի մեջ է»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ-ն այլ երկրներից օգնություն կստանա առաջիկայում, այդ թվում՝ մարդկային ռեսուրսի մասով:

«Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ 50 մասնագետ ցանկացել է օգնել, և կրկին կայցելեն»,-տեղեկացրել է Թորոսյանը:

--0—LՄ