Ինչի՞ գրավադրմամբ է «Թիմը» վարկավորվում. Խաժակյանը՝ «Բիլայնը» գնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

խաժակ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություն է վարում «Բիլայն» ապրանքանիշի ձեռքբերման համար։ Դավիթ Խաժակյանի գրառումը՝ ստորև․

«Օրերս տեղեկացանք, որ նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել «Վեոն Արմենիայի» հետ Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման հնարավոր գործարքի շուրջ: Ucom-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների նախաձեռնությամբ ՏՄՊՊՀ-ն դիտարկում է գնման հարցը:

«Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիայի» գործարքի հնարավոր գինը 60,000,000 դոլլար է ըստ տարբեր գնահատումների, ու եթե կանխավճարը կա գործընթացի մեկնարկի համար, ուրեմն կա նաև համապատասխան գումարը կամ դրա ստացման ակնկալիքը:

Նկատի ունենալով, որ խոսքը գնում է հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների մասին, կարծում եմ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն և հանրությունը իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվելու այդ գործարքը:

Եթե դա վարկ է, ապա ինչի՞ գրավադրմամբ կամ ի՞նչ երաշխիքի հիման վրա է առևտրային բանկը տրամադրելու այդ միջոցները նորաստեղծ կազմակերպությանը, որը, թեև ունի բարի համբավ, սակայն իր ծավալների համատեքստում ըստ անզեն գնահատումների չի տիրապետում այդպիսի ռեսուրսների:

Հաշվի առնելով հարցի ստրատեգիական բնույթը լրատվամիջոցների և իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում այս գործընթացի վրա, և «Թիմ»-ից ակնկալում եմ պարզաբանում ստանալու այն մասին, թե որո՞նք են իր ֆինանսական աղբյուրները եւ ի՞նչ հենքով կամ ինչի՞ գրավադրմամբ է «Թիմ» ՍՊԸ-ն վարկավորում ստանում։

--0—LՄ