Կոտայքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Չարենցավանի ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News   

Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես արդեն նշել էի, համավարակի այս շրջանում այցելելու եմ մարզի խոշոր բուժկենտրոններ, մեծ ու փոքր համայնքների բուժամբուլատորիաներ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ տեղում ծանոթանալու պայմաններին ու համավարակի դեմ արդյունավետ պայքարելու անհրաժեշտ միջոցներով ապահովվածությանը:

Աշխատանքային այցով եղա Չարենցավանի բժշկական կենտրոնում, որտեղ հանդիպում ունեցա մեր հարգելի բուժաշխատողների հետ՝ համավարակի դեմ պայքարի այս փուլում կատարված աշխատանքները քննարկելու և հետագա անելիքների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով:

Չարենցավանը Կոտայքի մարզի այն համայնքներից է, որտեղ առաջինը համավարակի բռնկում եղավ և բոլորս քաջ գիտակցում ենք, որ ամենը, ինչի միջով անցել և շարունակում են պատվով անցնել մեր բուժաշխատողներն, իսկական հերոսություն է:

Ի պատիվ Չարենցավանի ԲԿ-ի բուժանձնակազմի, ուրախությամբ կարող եմ ասել, որ ոչ միայն հաջողվել է տեղայնացնել կորոնավիրուսի վարակման հիմնական օջախներից մեկն, այլև մարել ու դեպքերի անկում գրանցել:

Իմ, Կառավարության, մարզպետարանի և պարզապես մեր քաղաքացիների անունից շնորհակալության խոսքեր փոխանցեցի մեր բուժաշխատողներին և հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ համավարակի հաղթահարումից հետո միասին ձեռնամուխ լինելու նոր որակի ու չափորոշիչների համապատասխան, նոր փորձառությամբ ու համավարակներին դիմակայելու պատրաստ բժկական կենտրոն ունենալու գործին:

Չարենցավանի ԲԿ-ն պետք է դառնա ժամանակակից ու հզոր սարքավորումներով զինված բժշկական կենտրոն ու առաջատարներից մեկը լինի մեր տարածաշրջանում:

Բոլորս միասին պետք է լծվենք մեր երկրում առողջապահության համակարգի կայացման աշխատանքներին:

Բժշկական կենտրոնի տնօրենի հետ դիտարկեցինք հիվանդանոցին կից կառուցվող հատվածը, որտեղ ներկա պահին շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Աշխատանքների ավարտից հետո տարածքը կծառայի կորոնավիրուսային վարակ ունեցող մեր քաղաքացիների սպասարկմանը, իսկ հետագայում նույն տարածքում կտեղակայվի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը:

Եվս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր սիրելի բուժաշխատողներին»: 

 --0—ՄՀ