Հայաստանում սկսվել է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

կորոնավիրուս

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները։

«Հայկական գիտահետազոտական ներուժը պետք է հնարավորինս օգտագործվի քաղաքականության մշակման համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներում ներդրված անձնական մեծ ջանքի և նվիրումի համար:Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ սկսում են COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը: Հայկական գիտահետազոտական ներուժը պետք է հնարավորինս օգտագործվի քաղաքականության մշակման համար»,-նշել  է նա:

Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։ Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։

Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում:

--0--ԱՀ