Ինչո՞ւ է ՀՀ-ն միացել հակաչինական Ալիանսին. միջազգայնագետը՝ ԱՄՆ-ՉԺՀ սառը «պատերազմի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

amn

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում «Ինչո՞ւ է Հայաստանը միացել հակաչինական Ալիանսին» խորագրի ներքո գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմին» և այդ համատեքստում Հայաստանի դիրքավորվածությանը:

«ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն, ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպան մեխնիզմներից է նաև Կրոնական ազատության Ալիանսը, որը ձևավորվել է բոլորովին վերջերս:

Ինչո՞ւ եմ կարծում, որ Ալիանսը հակաչինական է.

Եկող հայտարարություններից արդեն, իսկ պարզ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը գտնվի Ալիանսի թիրախում:

Դա են վկայում պետքարտուղար Պոմպեոյի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են. «Ղազախստանում ես հանդիպեցի

Չինական Կոմունիստական ​​կուսակցության կողմից Սինցզյանում ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքներին», կամ «մենք դատապարտում ենք Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության թշնամանքը բոլոր հավատքների նկատմամբ: Մենք գիտենք, որ ձեզանից մի քանիսը քաջաբար ետ են մղել չինական ճնշումները՝ համաձայնելով մաս կազմել այս Ալիանսին, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:

2019-ի սեպտեմբերին պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում`«Մարդու Իրավունքների ճգնաժամ Սինցզյանում» թեմայով: Ըստ հաղորդագրության «Միջոցառմանը ներկայացվեցին Չինաստանի դաժան զոհերի խորապես անձնական պատմությունները բռնաճնշումների քարոզարշավ ընդդեմ ուիգուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդական անձանց դեմ: Չինաստանի բռնաճնշումների արշավը, ի թիվս այլ իրավախախտումների, ներառում է զանգվածային կալանքեր և 2017թ. ի վեր ճամբարներում արդեն, իսկ կան շուրջ մեկ միլիոն կալանավորված: Փոխպետքարտուղարը ողջունեց բոլոր այն գործընկերներին, որոնք միանում են Չինաստանին ուղղվող կոչին՝ վերջ տալու մարդկանց դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքին Սինցզյանում». նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Արդեն, իսկ ակնհայտ է, որ սա երկու գերտերության մարտի դաշտերից մեկն է ու հեչ ակնհայտ չէ թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Ալիանսին միանալու համար:

Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալիանսի ապագան մշուշոտ է դառնում: Ինչու՞ էր ընդհանրապես պետք մինչև նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել: Լարվում էիք, գոնե նոյեմբերից հետո լարվեիք, որ դիմացներդ 4 տարի «երաշխավորված» ակնկալիք ունենաիք:

Եվ դեսերտը, Ռուսաստանի դիրքորոշումը. «Կրոնական Ազատությունը Ալիանսը, որը ստեղծել է Միացյալ Նահանգները, կարող է պարտադրել ամերիկյան արժեքները ամբողջ աշխարհին և դաշինքի կողմից արված ազատության մակարդակի գնահատականները կլինեն քաղաքականացված, քանի որ սա կրոնական միավորում չէ»»,-գրել է միջազգայնագետը:

--00--ԼՄ