Ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը մտահոգություն են առաջացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

հասարակական

«Ժառանգություն» կուսակցությունը, անդրադառնալով ոստիկանության կողմից քաղաքացիներին բռնությամբ բերման ենթարկելու միջադեպերին, հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Համավարակով պայմանավորված արտակարգ դրության տևական ընթացքը հանրության տարբեր շերտերում առաջացնում է անխուսափելի ձգտում արտահայտելու իրենց դժգոհությունը, եթե այդ ընթացքում պահպանվում են պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակի և ձեռնոցների կրումը, ապա այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների շրջանակում է:

Սակայն ՀՀ ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը սկզբում տարակույս, այժմ արդեն մտահոգություն են առաջացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ոլորտում նահանջներ թույլ տալու առումով:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է ոստիկանության գործունեության հետ կապված իր անհանգստությունը և ՀՀ իշխանություններից պահանջում է բռնությամբ բերման թարկելու բոլոր միջադեպերի օրինականության հետաքննություն՝ բացառելու համար արտակարգ դրությանը բնավ չհակասող մարդու իրավունքների սահմանափակումը:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է ուժեղ կառավարություն, այդ թվում և ոստիկանություն, ԱԱԾ, բայց ուժը մշտապես պետք է զուգակցվի դրա կիրառման համաչափության, օրինականության պահպանման հրամայականի հետ: Ոստիկանությանը պետք է ոչ միայն «դուխ» տալ, այլ ամենից առաջ օրենսգիրք: Համավարակի հաղթահարումը պահանջում է ազգային համաձայնության մթնոլորտի անհապաղ հաստատում հանրային կյանքի բոլոր մակարդակներում»:

--0--ԿԿ