Հայտնի չէ՝ 3500 վարակակիրների տվյալների արտահոսքը որ համակարգից է եղել. ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

ան

Տեղեկություն է շրջանառվում, թե ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների և կոնտակտավորների՝ մոտ 3500 մարդու տվյալ:

Առողջապահության նախարարությունից 24News-ից հայտնեցին, որ դեռևս տեղեկություններ չունեն, թե տվյալների արտահոսքը որ համակարգից է եղել և արդյոք հրապարակված տվյալները ճի՞շտ են, թե՞՝ ոչ։ 

24News-ը փորձեց կապ հաստատել նաև Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնի հետ՝ պարզելու, թե արդյոք որևէ ուսումնասիրություն կատարվո՞ւմ է տվյալների արտահոսքի վերաբերյալ, թե՞՝ ոչ, սակայն տվյալ բաժնից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ 

Նշենք, որ շրջանառվող տեղեկությանն անդրադարձել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և մի կան դիտարկում արել՝ նախ խնդրելով, որ իրենից ցուցակներ չխնդրեն, քանի որ դրանք անձնական տվյալներ են:

«Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում է, որ մեյլ է կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի, կասի... Որքանով է հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի»,-գրել էր մեդիափորձագետը, ապա հավելել, որ անձնական տվյալների տարածումը միշտ էլ վտանգ ունի։

«Բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,-գրել է մեդիափորձագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 1-ին, կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսք էր տեղի ունեցել նաև Հայաստանում։ «Զնդան» անունով ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում նշված էին Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած 132 անձանց տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան ամիս, ամսաթիվ, բնակության հասցե և այն բուժհաստատությունը, որտեղ բուժում են ստացել)։

Սոնա Գրիգորյան

--00--ԼՄ