«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» քննարկել է եկամտահարկի հայտարարագրման համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News    

հասարակական

«Մտահոգ լինելով եկամտային հարկի հայտարարագրման նոր համակարգի ներդրման օրենսդրական կարգավորումների շուրջ ծավալվող քննարկումներով՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն պարբերաբար նախաձեռնում է հանդիպում-քննարկումներ, որոնք միտված են ՀԿ-ի կողմից բարձրաձայնվող խնդիրներն ու անհանգստությունները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված մեր կողմից առաջարկվող տարբերակները հնարավորինս լսելի դարձնելուն»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ասոցիացիան, որում, մասնավորապես, ասվում է․

«Ս.թ. հունիսի 12-ին «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Նույն օրը հանդիպում-քննարկում տեղի ունեցավ նաև ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ նախագահ պարոն Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամներից ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են եկամտային հարկի ետվերադարձի ծրագրի առանցքային կարևորության մասին հարցեր, ներկայացվել են մեր մտահոգությունները, նկատառումները, դիրքորոշումները՝ կապված սույն ծրագրի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հետ: Ինչպես նաև ներկայացրել ենք ՀԿ-ի կողմից կատարված հիմնավորված հաշվարկները, որոնք ապացուցում են այս ծրագրի շահեկան լինելը թե՛ պետության և թե՛ գնորդ-քաղաքացիների համար:

Հանդիպումներն անցել են կառուցողական երկխոսություն և ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որ ցանկացած նախաձեռնություն պետք է ընթանա կոնսենսուսի, փոխհամաձայնեցված ձևաչափով՝ առանց կառուցապատման ոլորտը վնասելու»։

--0--ԿԿ