Վերջին հինգ օրվա ընթացքում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման 57 դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ակտիվ աշխատանքը շարունակվում է։

Հունիսի 12-ին Կողբ համայնքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ և 590-ից ավելի ինքնաձիգի փամափուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ պապին։

Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Իջևանում բնակվող 30-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ակոսափող ինքնաշեն ինքնաձիգ և 200-ից ավելի տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ գնդացրի փամփուշտներ։

Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի երեսունից ավելի փամփուշտ ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Արզնի գյուղի 50-ամյա մի բնակիչ, ըստ որի՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Բյուրեղավանում բնակվող 35-ամյա մի տղամարդ բաժանմունքում կամավոր հանձնել է «Մոսին» տեսակի հրազեն ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ քեռուն։

Ինքնաշեն ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է Հորս գյուղում բնակվող 66-ամյա մի տղամարդ։

Զառիթափ համայնքում բնակվող 46-ամյա մի տղամարդ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով` դրանք ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել գոմում։

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում բնակվող 31-ամյա մի տղամարդ ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրազեն, պայթուցիչով «Ֆ 1» նռնակ ու տարբեր տրամաչափի հիսունից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ի դեպ, վերջին հինգ օրվա ընթացքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 57 դեպք։ Ոստիկանության բաժիններ են ներկայացվել գնդացիր, մեծ թվով ինքնաձիգներ, հրացաններ ու ատրճանակներ, նռնակներ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Միջոցառումները շարունակվում են։

--0-- ՍՊ