Չի կարող լինել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշում. Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

գոռ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի կարող լինել քաղաքական որոշում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում:

Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:

Հետևաբար անիմաստ է, իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը:

Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,-գրել է Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր»:

--00—ԼՄ