ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News    

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկեց Ազգային ժողովի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Կողմ քվեարկեց պատգամավոր 87, դեմ՝ 0։ Քվեարկությանը մասնակցեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ 

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ նիստում հայտարարել էին, որ չեն մասնակցի քվերակությանը։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս պատճառելու համար։ 

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ:

ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված  Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

--0—ՄՀ