Լավրովի ստամբուլյան այցի չեղարկման պատճառը Լիբիայում Թուրքիայի և ՌԴ-ի հակասություններչն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսի 14-ին Ստամբուլ նախատեսված այցը վերջին պահին չեղարկելու որոշումը կապված է Լիբիայում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։ 

Բանն այն է, որ երկիշխանություն ունեցող Լիբիայում, Անկարան ու Մոսկվան աջակցում են իշխանության համար միմյանց դեմ զինված պայքար մղող հակառակ բևեռների։ Վերջին օրերին էլ Լիբիայի Ֆայես ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությունը», որին բացահայտ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, զգալի հաջողություններ է գրանցել գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» նկատմամբ, որին ըստ թուրքական կողմի պնդումների աջակցում է Ռուսաստանը։  Գրել է Ermenihaber-ը։

Սարաջի հաջողությունները մարտադաշտում հնարավոր են դարձել գլխավորապես Թուրքիայի մատակարարած զինտեխնիկայի ու հատկապես թուրքական հարվածային ԱԹՍ-ների շնորհիվ։ Այս օրերին էլ Սարաջի զինված ուժերը թուրքական կողմի աջակցությամբ արդեն 1 շաբաթ է՝ նախապատրաստություններ է  սկսել ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Սիրթ շրջանը գրավելու համար։ 

Անունը չբացահայտված մի թուրք պաշտոնյայի՝ գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասվում է, որ Լավրովի այցի ժամանակ արդեն 2 երկրների տեխնիկական պատվիրակությունները պետք է բանակցությունների արդյունքում վերջնական համաձայնության եկած լինեին։ Սակայն այդ համաձայնությունը դեռև ձեռք չի բերվել, այդ պատճառով էլ չի կայացել ՌԴ ԱԳ նախարարի այցը։ 

«Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Պատվիրակությունները աշխատում են տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության գալ, որպեսզի հնարավոր լինի 2 նախարարների հանդիպումն ու համաձայնության մասին հայտարարությունը։ Սակայն այդ մակարդակի դեռ չեն հասել։ Հանդիպման հետաձգման գլխավոր պատճառներից մեկը Սիրթը գրավելու նախապատրաստություններն են»,- ասել է թուրք պաշտոնյան։ --0—ՄՀ