ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ ղեկավարները կարևորել են պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

ՊԲ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը  աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակներն ու մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը:

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:

Նշված միջոցառումների և առհասարակ աշխատանքային այցի ամբողջ ընթացքում, ըստ ուղղությունների, համապատասխան զինվորական պաշտոնյաների կողմից ներկայացվել են զեկույցներ, տարածաշրջանում առկա ուժերի հարաբերակցության, օպերատիվ-մարտավարական իրավիճակի հավանական զարգացումների, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ:

Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել  այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում:     --0—ՄՀ