1-ին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Էրդողան

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից թուրք պատգամավոր Վոլքան Բոզքըրը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) 75-րդ նստաշրջանի նախագահ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Հարկ է նշել, որ այդ պաշտոնին առաջադրված միակ թեկնածուն եղել է հենց Թուրքիայի ներկայացուցիչը։ 

193 երկրի ներկայացուցիչներից միայն Վենեսուելան է ՄԱԿ-ի անդամ երկրների նկատմամբ ունեցած արտաքին պարտքի պատճառով զրկվել քվեարկելու իրավունքից։ Ուստի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցել է 192 երկիր։ 

Բոզքըրի թեկնածությանն աջակցել է ՄԱԿ անդամ 178 պետություն, 11-ը ձեռնպահ են մնացել, ևս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Վոլքան Բոզքըրը կհաջորդի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեին և այդ պաշտոնը կզբաղեցնի 2020թ․ սեպտեմբերի 15-ից մինչև 2021թ․ սեպտեմբերը։ 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհավորել է Բոզքըրին և աջակցություն հայտնել։ 

ՄԱԿ ԳՎ նախագահը պաշտոնապես ավելի բարձր է գնահատվում, քան գլխավոր քարտուղարը, նրան պատիվ է տրվում պետության ղեկավարի մակարդակով, եթե դիվանագիտական այցեր է կատարում: Գործնականում նախագահը հիմնականում արարողակարգային դիրք է գրավում:

Նշենք, որ մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքըրը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը: 

   --0—ՄՀ