Ծառուկյանը ժամանեց դատարան. որոշվում է նրան կալանավորելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Նիստը փակ է, նկարահանումն արգելված է: Միջնորդության քննությունը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելուն:

Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդը գնաց ԱԱԾ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն միջնորդություն ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

--00—ԼՄ