Ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպանը. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

ալեն

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել: Այդ մասին ԱԺ փոխնախագահն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք միջազգային գործընկերներն իրեն դիմել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների առնչությամբ:

«Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական և բարեկամական խմբի ղեկավարն եմ, երեկ զրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի փոխնախագահի հետ, որևէ նման հարց չենք քննարկել:

Ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, հանդիպումը դեռ չի կայացել: Որևէ արձագանք այս պահի դրությամբ ես չունեմ մյուս մեր գործընկերներից»,- ասել է Ալեն Սիմոնյանը, ապա հավելել, որ չի կարծում՝ Հայաստանի միջազգային լուրջ գործընկերները քրգործի առնչությամբ հախուռն և շտապողական հայտարարություններ կանեն:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԺ-ն փակ քվեարկություններով հավանություն տվեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ՝ գլխավոր դատախազի միջնորդություններին: Այս պահին քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

--00—ԼՄ