Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այդ մասին հայտնեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ մասնակի բավարարելով կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Քոչարյանը ազատ կարձակվի 2 միլիարդ գրավի դիմաց:

Ավելի ուշ նրա պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ճշգրտեց, որ միջնորդությունը բավարարվել է մասնակի, քանի որ դատարանն ընդունել է գրավի դիմաց ազատելու միջնորդությունը, իսկ վարչապետների երաշխավորության մասով՝ մերժել:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը հունիսի 17-ին 5 ժամից ավելի քննեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն։

--00—ԼՄ