Պետք է բացահայտել բոլոր ժամանակների ընտրակեղծիքները և դրանք կազմակերպողներին.Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Րաֆֆի Հովհաննիսյան

Թույլ չտանք, որ գնանք «առաջ»՝ դեպի անցյալ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Արցախի հարցի արդար հանգուցալուծումից մինչեւ ներհայաստանյան երկխոսության հրամայական:

Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար,  «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր եւ քաղաքական խորհրդի նախագահ  Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապով մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը: Ներկայացնենք ելույթի հիմնական ուղղություններից մի քանիսը:

Ա. Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը եւ ԵԽ պատգամավորների մեզ համար անակնկալ աչառու նամակի խնդիրը՝ կապված Հայաստան-Արցախ կառուցվող նոր ճանապարհի հետ, որը Արցախի  բնակչության կենսական անվտանգության ապահովման եւ Ադրբեջանի կողմից նրա շրջափակման վտանգների չեզոքացման հրամայականն է: 

Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական մեր գործընկերներին կոչ արեց առավել ողջամիտ, անաչառ եւ միջազգային իրավունքները համակողմ հարգող մոտեցում ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման նկատմամբ՝  ընդգծելով, որ խնդիրը պետք է  բացառապես խաղաղ եւ արդարացի լուծում ունենա՝ հիմնված Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա:

Բ. Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ անդրադարձ է կատարել Թուրքիայի ժխտողական, թշնամական քաղաքականությանը՝ հիմնավորելով 1921 թ. բոլշեւիկ-թուրքական պայմանագրերի՝ հայ ժողովրդին հայրենազրկող ժառանգությունից դուրս գալու անհրաժեշտությունը:

Գ. Անդրադառնալով հայաստանյան իրավիՃակի գնահատմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետք է բացահայտել բոլոր ժամանակների ընտրակեղծիքները եւ դրանք կազմակերպողներին՝ բացառելով ընտրողական մոտեցումը, միաժամանակ շեշտել է, որ այս կարեւոր գործընթացում պետք է հարգել անմեղության կանխավարկածը:

«Ժառանգությունը» մտահոգված է համավարակային պայմաններում հասարակական բեւեռացման վտանգով, ուստի արտակարգ դրության պայմաններում իսկ կարեւորում է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների երաշխավորումը՝ առաջ քաշելով համազգային երկխոսության հրամայականը: Միայն ի սպառ բացառելով քաղաքականացված արդարադատություն, կկարողանանք բացառել հոռի պատմության կրկնությունը: Հանուն Հայաստանի, մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության մեր ձեռքով վերադարձ դեպի անցյալը չենք կարող թույլ տալ:

--0-- ԱՀ