Պալատական հեղաշրջումների և դավադրությունների կանխման լավագույն ելքը նոր ընտրություններն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News 

«Այն ճգնաժամը, որն իշխանությունը բերել է, ունի մեկ հնարավոր, խելամիտ հանգուցալուծում։ Դա ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ստեղծումն է, որի խնդիրը պետք է լինի այս ճգնաժամից դուրս գալը, երկրի անվտանգությունն ապահովելը և երրրոդը՝ նոր ընտրություններ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ 

Նրա կարծիքով՝ այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը։ 

«Խելամիտ հանգուցալուծումը, որպեսզի չլինեն պալատական հեղաշրջումներ, դավադրություններ ու դավաճանություններ, նոր ընտրություններն են, որին նաև  իշխող ուժը կմասնակցի։ Կհավաքի այնքան ձայն,  որքան ունի, բայց մյուս ուժերն էլ կհավաքեն այնքան, որքան իրենք են այս ընթացքում ձեռք բերել և մենք կունենանք հավասարակշռված խորհրդարան և իշխանություն։ Այն քաղաքական ուժերը, որոնք կիսում են այս մոտեցումը, իրենց հետ կհամագործակցենք, ոչ թե ալյանսների մեջ, այլ որպեսզի հասնենք այդ նոր ընտրություններին»,- ասել է նա։

Ըստ նրա՝ միայն ընտրություններով, ժողովրդի ձայնով է հնարավոր այս մի իշխանությունը փոխարինել մեկ ուրիշով։ 

«Թե չէ, եթե այս իշխանության փոխարեն գա մեկը, ով իրեն կհորջորջի փրկիչ, ասի միայն ես գիտեմ, որն է լուծումը, եկե’ք, Նիկոլին հեռացնենք, ես ձեզ կփրկեմ, ոչինչ չի փոխվի, ավելի վատ կդառնա։ Հասարակության ներսում հակամարտությունը, ատելությունն էլ ավելի կխորանա։ Իսկ եթե մենք հնարավորություն տանք, որ ժողովուրդը որոշի, թե ինչպիսի իշխանություն է ուզում, գուցե մենք կարողանանք մեղմել այս լարվածությունը»,- ընդգծել է Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ