Լայնածավալ սահմանափակումներն ու տանը մնալու հրահանգները միլիոնավոր կյանքեր կփրկեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News  

ԱՄՆ

Կես տարի անցավ այն օրից, երբ կորոնավիրուսը հայտնաբերվեց Չինաստանում ու արագ տարածվեց դեպի աշխարհի բոլոր երկրները: Սակայն ամենակարեւոր հարցի պատասխանը դեռեւս միանշանակ չէ: Իսկ հարցը հետեւյալն է. Ինչպե՞ս են մարդիկ վարակվում: 

Ինչպես գիտնականներն են այսօր ասում, վարակված մակերեսներից վարակվելու հնարավորությունը շատ փոքր է: Փոքր է նաեւ դրսում մարդկանց հոսքից վարակվելու հավանականությունը: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպես ‘’The Wall Street Journal’’ պարբերականն է գրում, ամենամեծ վտանգը մոտից ու երկար ժամանակ տեւող շփումներն են: Բազմամարդ միջոցառումները, վատ օդափոխվող տարածքները, որտեղ մարդիկ խոսում են բարձր կամ երգում, վարակի տարածման ամենավտանգավոր տեղերն են:

Այս տեղեկությունների հիման վրա են բիզնեսի ղեկավարներն ու կառավարությունները կայացնում տնտեսությունը վերաբացելու մասին որոշումներ: Իսկ եթե ուզում են բացել ինչ որ հաստատություն, ուրեմն պետք է տեղադրեն ապակու տարանջատիչներ, մարդիկ պիտի հաստատության ներսում կրեն դիմակներ, պետք է ապահովվեն օդափոխիչ պայմանները եւ պատուհանները պետք է հաճախ բաց թողնեն:

Վերջին երկու հետազոտությունները պարզել են, որ լայնածավալ սահմանափակումներն ու տանը մնալու հրահանգները, ինչպես նաեւ բիզնեսները փակելու հանգամանքը տասնյակ միլիոնավոր մարդկանց է փրկել վարակվելուց, փրկել հարյուր հազարավոր մարդկանց կյանք:

Փորձագետներն ասում են, որ սահմանափակումները մեղմելուց հետո հիմա պետք է շարունակել այդ գործընթացը, պարզապես հարկավոր է խստացնել միջոցները շենքերում:

Կորոնավիրուսով վարակվելու առաջին ամենամեծ վտանգը հազն է: Բարձր խոսելու միջոցով նույնպես օդում հայտնվում է թքի փոշի, որը վարակի ամենամեծ տարածողն է: Շնչառական կաթիլները, այսինքն մարդու շնչառական օրգաններից օդում տարածվող հեղուկն է կովիդ 19-ի գլխավոր վտանգը, եթե դրանք ընկնում են մարդու աչքերի, քթի կամ բերանի մեջ: Սակայն եթե կա հեռավորություն, դրանք ավելի շուտ հասնում են գետնին, քան մարդու դեմքին:

Հետազոտությունների համաձայն, վարակը տարածելու ունակություն ունեն նաեւ աերոզոլային կաթիլները, այսինքն փոշու տեսք ունեցող արտահոսքը, որոնք մինչեւ գետնին ընկնելը, ավելի երկար են մնում օդում եւ ունեն վարակելու ավելի մեծ հնարավորություն:

Այնպես որ, չափազանց կարեւոր է աշխտավայրերում եւ մարդաշատ այլ տեղերում սենյակների օդափոխիչ համակարգի գոյությունը: Օդը դեպի առաստաղը, կամ պատուհանից դուրս մղելը, ներս թարմ օդ մղելը մեծապես է կրճատում վիրուսի տարածման հնարավորությունը:

Վիրուսի տարածման համար ամենավտանգավոր պայմաններից են, ինչպես արդեն ասվեց, բարձր խոսելը, բղավելը, հազալը, երգելը: Իսկ դրանք մեծ հավաքույթներն են, հարսանիքները, խնջույքները, համերգներն ու թատերական ներկայացումները: Այս ամենին գումարվում է ֆիզիկական վարժություններ կատարելու արդյունքում խորն ու արագ շնչելը: Մարմնամարզական ակումբներում ուրեմն, մեծանում է կորոնավիրուսի տարածման հնարավորությունը: Դրանք ապացուցվել են փաստացի օրինակներով:

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազությունների համաձայն, կովիդ 19-ով հիվանդ մարդկանց 10 տոկոսն է կրում բոլոր վարկվածների 80 տոկոսին վարակելու պատասխանատվությունը:

Վիրջինիայի համալսարանի մասնագետներն էլ նշում են, որ դրսում վարակի տարածման հնարավորությունն ավելի քիչ է, քան տներում ու հիմնարկ հաստատություններում:

Սակայն սահմանափակումները մեղմելու այս ընթացքում, եթե օրինակ Միացյալ Նահանգներում գրանցվի վիրուսի տարածման արագության նկատելի աճ, այստեղ կսկսվեն իրականացվել ավելի խիստ միջոցներ, քան մարտ ամսից ուժի մեջ մտած կանոններն են: Եվ յուրաքնաչյուր հաստատություն կարող է, իր աշխատակիցների թվի ու շենքի մակերեսին համապատասխան, ընդունել իր ներքին օրենքները, օրինակ սրճամաններից, թեյամաններից, սառնարաններից ու ընդհանուր համակարգիչներից օգտվելու կանոններ: Նույնիսկ քննարկվում է դատավորների ու ատենակալների միջեւ հեռավորություն պահպանելու հարցը:

Մյունխենի համալսարանի վարակաբանները միանում են այն փորձագետներին, որոնք շարունակ ասում են ու պնդում, հայտարարում ու խնդրում, որ չպետք է մոռանալ ձեռքերն ախտահանիչ նյութերով մաքրելու, լվացվելու կարեւորության, միմյանց միջեւ հեռավորություն պահպանելու պահանջի մասին: Որպեսզի մինչեւ դեղամիջոցի հայտնաբերումը կամ պատվաստանյութի ստեղծումը, հնարավոր լինի փրկել մարդկային միլիոնավոր կյանքեր:    --0—ՄՀ