ՀԾԿՀ-ն բնակիչ-բաժանորդների գազի սակագինն անփոփոխ թողեց, որոշ ոլորտների համար թանկացավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

գազ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավիրված նիստի ժամանակ որոշում կայացրեց գազի սակագների փոփոխության վերաբերյալ։

Նիստի ընթացքում որոշվեց՝ բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը թողնել անփոփոխ։

Փոփոխության կենթարկվի միայն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար:

Որոշակի սակագնային փոփոխություն կլինի նաև ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար, որոնց մեջ ներառված են ԱԳԼՃԿ-ները, 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն կդառնա 255.91 դոլար։

Այսպիսով, սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից սահմանվում է 266.71 դոլար։ 

Որոշումն ուժի մեջ կմտնի 30 օրից։

 

--00—ԼՄ