Իրավական պետությունում անթույլատրելի է թիրախավորել դատավորներին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

իրավական

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի իրականացրած դատավարությունը (անկախ իր կայացրած որոշումից) իր բովանդակությամբ, իր կազմակերպվածությամբ, արհեստավարժ հարցադրումներով և դրանց շուրջ դատողություններով, ուսուցողական էր ապագա իրավագետների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ-ն՝ դատապարտելով դատավորի նկատմամբ համացանցում իրականացվող հակաքարոզչությունը։

Հայտարարության մեջ ասվում է.

« Ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ կամ ցանկություն չէ և ամենևին դատավորին տրված արտոնություն չէ, քանզի այս սկզբունքի իրացվածությամբ է պայմանավորված տվյալ պետության՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության կայացվածության աստիճանը, ուստի այդ սկզբունքի միայն իրավական ամրագրումը բավարար չէ դրա կենսագործումը ապահովելու համար, եթե պետությունը չունի սկզբունքային, արհեստավարժ և փաստացի ապաքաղաքականացված դատավորներ:

Իրավական պետությունում բացարձակ անթույլատրելի է թիրախավորել դատավորներին` ներխուժելով նրանց մասնավոր և ընտանեկան կյանք, վիրավորելով նրանց ու նրանց ընտանիքի անդամներին, իրենց կայացրած որոշումների համար, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հաճո չեն հասարակության մեծամասնությանը, կամ իշխանությանը, քանզի իրականում հենց նման դատական ակտերի առկայությունն է անկախ դատական իշխանության գոյության վկայությունը:

Դատավորներին իրենց կայացրած դատական ակտերի համար թիրախավորելը «անուղղակի ազդեցություն» է մյուս բոլոր դատավորների նկատմամբ` վաղը նույն իրավիճակում հայտնվելու սպառնալիքից խուսափելու համատեքստում, հետևաբար այս անընդունելի և վտանգավոր գործողությունները խոցելի են դարձնում մեր ապագա սերունդների համար անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը և խաթարում իրավական անվտանգությունը:

Հարկ է ընդգծել, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ իրականացրած դատավարությունը (անկախ իր կայացրած որոշումից) իր բովանդակությամբ, իր կազմակերպվածությամբ, դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ դատավորի ոչ ընտրողաբար դրսևորած հարգալից վերաբերմունքով, առաջադրված արհեստավարժ հարցադրումներով և դրանց շուրջ դատողություններով, ուսուցողական էր ապագա իրավագետների համար այն համատեքստում` ինչպիսին պիտի լինի դատավարությունը և սկզբունքային ու պրոֆեսիոնալ դատավորը»:

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան

--0--ԿԿ