Աշտարակից դեպի Շամիրամ գյուղ տանող ճանապարհին բախվել են բեռնատարներ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

․

Հունիսի 19-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ-Շամիրամ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: Այս մասին տեղեկանում ենք ԱԻն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ քաղաքից դեպի Շամիրամ գյուղ տանող ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են քարով բեռնված «ԿամԱԶ» (վարորդ՝ Միհրան Մ․, 57 տարեկան) և «ԶԻԼ» մակնիշների (վարորդ՝ Գևորգ Օ․, 30 տարեկան) բեռնատարները․ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել և փակել է ճանապարհահատվածը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները Գևորգ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Միհրան Մ․-ինը՝ միջին ծանրության․ վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները փակել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

--0--ԱՀ