Հայկ Մարությանի կինը անցյալ տարի Չեխիայում 3 միավոր անշարժ գույք գնել. «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

Իվա

2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այդ մասին ծավալուն հոդված է հրապարակել «Հետքը»:

Ըստ աղբյուրի՝ Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Նոր առանձնատունը

Ըստ Իվա Մարությանի հայտարարագրի՝ 2019-ի մարտին գնել է առանձնատուն (գինը՝ 3,76 մլն կրոն կամ 160.000 դոլար), ինչպես նաեւ 2 կտոր հողամաս (յուրաքանչյուրը՝ 100.000 կրոն): Ընդհանուր գույքն արժեցել է 3,96 մլն կրոն կամ 168.000 դոլար: Քաղաքապետի կինն այս գույքը նշել է որպես համատեղ սեփականություն, սակայն Հայկ Մարությանի հայտարարագրում այն չի երեւում. պատճառը, ինչպես ասվեց, այն է, որ համատեղ գույքը պետք է հայտարարագրի ամուսիններից մեկը:

Չեխական կադաստրում մենք գտել ենք այս գույքը. Իվա Մարությանը միանձնյա սեփականատեր է (տես ստորեւ), բայց նա դա ներկայացրել է որպես համատեղ սեփականություն՝ կրկին հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության սահմանումները:

Ըստ կադաստրի՝ առանձնատան մակերեսը 64 քմ է, ինչն, ըստ էության, միայն առաջին հարկի չափն է, տան ետնաբակը (հողամաս) 97 քմ է, իսկ մուտքի դիմացի հատվածը (հողամաս)՝ 49 քմ, ընդհանուր լոտի մակարեսը՝ 210 քմ:

Ի. Մարությանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ գույքը վաճառողը եղել է չեխական «U.T.C. Properties» ՍՊԸ-ն: Համացանցում կարելի է գտնել Կուտնա Հորայում այս ընկերության կողմից իրացվող տների մասին որոշ տվյալներ: Ընկերությունն առանձնատներ է վաճառում Հլոուշկա (Hlouška) թաղամասում, մասնավորապես՝ Յաբլոնյովա (Jabloňová) եւ Շվեստկովա (Švestková) փողոցներում: Մարությանների տունը գտնվում է Շվեստկովայի վրա: «Google Earth» համակարգը ցույց է տալիս, որ տունը դեռ կառուցված չէր 2019-ի մարտին, երբ Ի. Մարությանը, ըստ հայտարարագրի տվյալների, գնել է գույքը: Սակայն քաղաքապետը մեր հարցին ի պատասխան նշել է, որ առքուվաճառքի պայմանագրի ստորագրման պահին այն կառուցված է եղել: 

Սովորաբար, երբ գույքը ձեռք է բերվում կառուցապատման ընթացքում, այն ավելի էժան է լինում: Փաստն այն է, որ Մարությանների տունն արժեցել է 4 մլն կրոնից պակաս, իսկ այժմ նմանատիպ գույքն առաջարկվում է մի փոքր ավելի թանկ՝ 4,4 մլն կրոնով:

«U.T.C. Properties»-ի կողմից առաջարկվում են առանձնատների տարբեր նախագծեր, սակայն, ըստ ամենայնի, Երեւանի քաղաքապետի կնոջ գնած նոր տունը համապատասխանում է ստորեւ ներկայացվող նախագծին:

Հավելենք, որ Իվա Մարությանն աշխատում է Երեւանի պետական բժշկական համալսարանում, որի շրջանավարտ է: 2018 թ. նոյեմբերին նա աշխատանքի է ընդունվել ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնում որպես ասիստենտ: Ըստ 2019 թ. տարեկան հայտարարագրի՝ քաղաքապետի կինն անցյալ տարի ստացել է 587 հազ. դրամ աշխատավարձ: Մյուս կողմից՝ կանխիկ միջոցներով նա նախորդ տարեվերջին ունեցել է 230 հազ. եվրո, 70 հազ. դոլար եւ 6,1 մլն կրոն:

Քաղաքապետի կնոջ ունեցած չեխական արժույթը 2019-ի տարեսկզբին եղել է 12,8 մլն: Տարեվերջին 6,1 մլն դառնալու պատճառներից մեկն, ըստ էության, նոր գույքի գնումն է այդ ընթացքում:

Շփոթություն է առաջացնում այն, որ 2019-ի սկզբին 12,8 մլն կրոն հայտարարագրած Իվա Մարությանը 2018 թ. «փակել էր» 6,3 մլն կրոնով: Սրա բացատրությունը Հ. Մարությանի այն պարզաբանումն է, որ 2018-ին 6,5 մլն կրոնով անշարժ գույք գնելու գործարքը չի կայացել:     

Առավել մանրամասն՝ «Հետք»-ում:

--00—ԼՄ